Իրանում առնվազն 35 մարդ զոհվել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել ավտոբուսի վթարի հետևանքով, որում գտնվում էին Պակիստանից Իրաք մեկնող շիա ուխտավորներ: Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 21-ի գիշերը՝ Իրանի կենտրոնական մասում գտնվող Յազդի նահանգում։
Իր հերթին The Associated Press գործակալությունը հայտնում է, որ ըստ տեղի արտակարգ ծառայությունների պաշտոնյա Մոհամմադ Ալի Մալեքզադեհի՝ վթարի ամենահավանական պատճառը կարող է լինել արգելակների խափանումն ու վարորդի անուշադրությունը։
Ուխտավորներն Իրաք էին մեկնում՝ մասնակցելու Արբայինին՝ իմամ Հոսեյնի և նրա 72 զինակիցների հիշատակին նվիրված երթին: 2024 թվականին Արբայինը տեղի կունենա օգոստոսի 25-26-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը